Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը

CivilNet
Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձի օրը, Հանրային հեռուստաընկերությունը և «Արմենպրես» պետական գործակալությունը որևէ կերպ չեն լուսաբանել արցախյան թեմայով այդ օրը տեղի ունեցած իրադարձություններն ու հնչած հայտարարությունները։

Նրանց եթերից և լրահոսից դուրս են մնացել «Եռաբլուր» պանթեոնում Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը, «Արցախը՝ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով համաժողովը, նույն օրը երեկոյան Ազատության հրապարակում կայացած արցախցիների «Միասնության» հանրահավաքը։

Չեն լուսաբանվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձն ու Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը՝ ուղղված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է սեպտեմբերի 2-ի իրադարձությունների լուսաբանումը, օրենսդրական դաշտը և պարզաբանումներ ստացել պատկան մարմիններից։

Պաշտոնական լռություն, անտեսված իրադարձություններ

Սեպտեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման՝ օրվա ընթացքում հեռարձակված վեց թողարկումներից (1,2,3,4,5,6) և 1lurer.am կայքի լրահոսից ամբողջությամբ դուրս էին մնացել Արցախի Հանրապետության հռչակման և դրա հետ կապված օրվա իրադարձությունները։ 

Փոխարենը լուսաբանվել էին, օրինակ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Պեկին ուղևորությունը, Հայաստանում շինարարության աճը, Սասունիկի միջնակարգ դպրոցի և Արմավիրի նոր զբոսայգու շահագործման հանձնվելը, Եղվարդի խնձորի այգիները, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը և այլ թեմաներ։

Արցախի և արցախցիների հետ կապված իրադարձությունները բացակայում էին նաև «Արմենպրեսի» օրվա լրահոսից։ Այնինչ նախորդ տարիներին գործակալությունը, ինչպես և «Լուրերը», լայնորեն լուսաբանում էր օրվա խորհուրդը՝ լուրերի, ֆոտոռեպորտաժների և հոդվածների տեսքով։

Էկրանապատկերում՝ «Արմենպրես»-ի 2024-ի սեպտեմբերին «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողության լուսաբանումը

Օրինակ՝ 2023-ի սեպտեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» շրջանակում հատուկ ռեպորտաժ էր պատրաստվել Արցախի Հանրապետության հռչակման իրադարձությունների վերաբերյալ և ներկայացվել ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահի օրվա ուղերձները։

Այս տարվա սեպտեմբերի 2-ին, ի տարբերություն 2018-2023 թվականների, ՀՀ վարչապետը, Հանրապետության նախագահը և ԱԺ նախագահը որևէ ուղերձ չհղեցին։

Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության և «Արմենպրես» գործակալության՝ Հանրային ռադիոն այս տարի էլ թեմային անդրադարձել է։ Լուսաբանվել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացումը։ Բացի այդ, հեռարձակվել է «Արցախի կորստի ու հիշողության նոր խորհրդանիշ է Եռաբլուրում» վերտառությամբ ռեպորտաժը, որում ռադիոն անդրադարձել է արցախյան պատերազմի և 2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատների պատմություններին։

Ի՞նչ է պարտավորեցնում օրենքը

Հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով։ Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրային հեռարձակողները պետք է ղեկավարվեն օբյեկտիվության, անկողմնակալության, բազմազանության և բազմակարծության սկզբունքներով։ 

Նույն հոդվածը պարտավորեցնում է «հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, կարծիքների բազմազանությունը»։ Իր հերթին, Հանրային հեռուստաընկերության կայքում նշված է, որ «Լուրերի» թողարկումների «առանցքում այն ամենն է, ինչ կարևոր է, հետաքրքիր և հրատապ: Պարբերաբար թարմացվող նորություններ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, տեղեկատվություն՝ տարածաշրջանից և միջազգային հանրությունից:»։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով։ Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա։ Գործակալության «Մեր մասին» բաժնում նշվում է, որ այն լուսաբանում է «քաղաքական, տնտեսական, հասարակական, առողջապահական, տեխնոլոգիական, մշակութային, սպորտային ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին»՝ գործելով «անկողմնակալության սկզբունքի հիման վրա»։

Ինչ են պարզաբանում իրավասու մարմինները

#CivilNetCheck-ը սեպտեմբերի 3-ին պաշտոնական հարցումներ էր ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը, «Արմենպրեսին» և պատասխանատու կառույցներին։

Հանրային հեռուստաընկերությունից ստացված պատասխանում նշվում է, որ նշված իրադարձությունների «պարտադիր լուսաբանման իրավական պահանջ չկա», իսկ լուսաբանումն իրականացվում է՝ ելնելով ռեսուրսների առկայությունից և առաջնահերթությունների գնահատումից։ 

Հեռուստաընկերությունը նաև հավելել է, որ հանրային հնչեղություն ունեցող իրադարձություններին կարող են անդրադառնալ նաև՝ «այլ հաղորդաշարերում՝ փաստավավերագրական ֆիլմերի և տարբեր ձևաչափերի միջոցով»։ 

Էկրանապատկերում՝ Հանրային հեռուստաընկերության տնօրենի պատասխանը

Սակայն սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբեր 11-ը Հանրային հեռուստաընկերության հարթակներում մեզ չհաջողվեց գտնել Արցախի հռչակման կամ հարակից թեմայով որևէ հոդված, փաստավավերագրական ֆիլմ կամ այլ ձևաչափի հաղորդում։

Միակ թեմատիկ քննարկումը, որ հնարավոր եղավ գտնել, սեպտեմբերի 6-ի «Հանրային քննարկում» հաղորդումն էր՝ «Ղարաբաղի վերադարձ և Ղարաբաղ վերադարձ. ինչպե՞ս» վերտառությամբ, որի շրջանակում մասնակիցները խոսել են  սեպտեմբերի 2-ի հանրահավաքին մասին, սակայն, այն որակելով ձախողված և Ադրբեջանի շահերին ծառայող։ 

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, բովանդակային պատասխան չի տրամադրել։ Գործակալության տնօրեն Նաիրա Նազարյանը հայտնել է, որ մեկնում է գործուղման և կպատասխանի վերադառնալուն պես՝ առանց որևէ ժամկետ նշելու։ Նա շնորհակալություն է հայտնել «իրենց գործունեության նկատմամբ հետաքրքրության համար»։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), որը ոլորտը կարգավորող անկախ պետական մարմինն է, իր պատասխանում, ըստ էության, իրավիճակին գնահատական չի տվել՝ պատասխանատվությունը վերահասցեագրելով Հանրային հեռարձակողի խորհրդին։ 

ՀՌՀ-ից հայտնել են, որ մշտադիտարկումն իրականացնում են ընտրանքային սկզբունքով (յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր), և «2025 թվականի սեպտեմբերի 02-ի եթերը չի մշտադիտարկվել»։ Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ օրենքով իրեն վերապահված չէ հեռարձակողների ծրագրային քաղաքականությանը միջամտելու գործառույթ, և որ այդ հսկողությունը պետք է իրականացնի Հանրային հեռարձակողի խորհուրդը։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանից հետաքրքրվել էինք՝ արդյոք խորհրդում քննարկվե՞լ է հանրային կարևորություն ունեցող այս թեմայի չլուսաբանման հարցը և պարզաբանումներ պահանջվե՞լ է Հանրային հեռուստաընկերությունից։ Ի պատասխան՝ Դարբինյանը հայտնել է, որ թեմայի շուրջ ո՛չ քննարկում է տեղի ունեցել, ո՛չ էլ ՀԸ-ից պարզաբանում է պահանջվել՝ առանց որևէ այլ մանրամասներ հայտնելու։

Քանի որ խորհուրդը Հանրայինի կառավարման բարձրագույն մարմինն է, հարցրել էինք նաև, թե ինչ քայլեր են նախատեսվում՝ ապագայում բացառելու համար ՀԸ կողմից նման իրադարձությունների անտեսումը և ապահովելու օրենքի սկզբունքների պահպանումը։ Սակայն Դարբինյանը ուշագրավ պատասխան է տվել՝ նշելով, թե այս հարցը մեր գնահատականներն է արտացոլում և չկա տեղեկություն ստանալու ակնկալիք։ 

«Փոխարենն աչք են շոյում հանրային կարևորագույն իրադարձությունների նկատմամբ Ձեր պատկառանքը և օրենսդրության հանդեպ ընդգծված ակնածանքը»,- ըստ էության հեգնանքով պատասխանել է Դարբինյանը։  

Այսպիսով, 2025-ի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը, հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն ու պետական «Արմենպրես» գործակալությունը չեն լուսաբանել արցախյան թեմայով հանրային նշանակության մի շարք իրադարձություններ։ Իսկ վերահսկող մարմինները, ի պատասխան լրագրողական հարցումների, հիմնականում բովանդակային պատասխաններ չեն տրամադրել։

The post Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

«Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Մինչ այս դադարեցվել էր նաև Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ The post «Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել appeared first on CIVILNET.

CivilNet

Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը

Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։

Hetq

Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ

Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։ Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։ Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։ Ներդրումների ծավալը Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա […] The post Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ appeared first on CIVILNET.

CivilNet

Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք […] The post Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում appeared first on CIVILNET.

CivilNet

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում 

Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։  MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։ Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով […] The post ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում  appeared first on CIVILNET.

CivilNet