Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով

CivilNet
Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածքից դուրսբերման պահանջին, հայտարարել էր, թե հայկական զորքերն էլ Ադրբեջանի տարածքում են։ 

«Իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Այն տարածքներում, որտեղ դելիմիտացված չի։ Տենց բան չկա՞։ Կան տեղեր, մի 100 անգամ ասել ենք՝ ես էլ, վարչապետն էլ։ […] Ինչի՞, միայն անկլավը չէ։ Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առաջ։ Իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ»,- ասել էր Սիմոնյանը՝ որպես օրինակ նշելով Տավուշի մարզը։ 

#CivilNetCheck-ը, հիմնվելով բաց աղբյուրների, արբանյակային լուսանկարների և խորհրդային քարտեզների վրա, ուսումնասիրել է, թե որքանով են Սիմոնյանի նշած թվերը համապատասխանում իրականությանը։

Ինչպես է որոշվում սահմանը. քարտեզներ և մեթոդաբանություն

Մեր ուսումնասիրության շրջանակում որպես իրավական (դե յուրե) սահման վերցրել ենք Խորհրդային Միության Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1:100,000 մասշտաբի 1970-80-ական թվականների տեղագրական քարտեզները, որոնք թվայնացրել և համադրել ենք արբանյակային պատկերների հետ։ Փաստացի վերահսկողության գիծը (դե ֆակտո) որոշվել է արդի արբանյակային լուսանկարների միջոցով՝ երկու երկրների զինված ուժերի առաջնագծի մարտական դիրքերի քարտեզագրմամբ։

Հենց այս՝ ԽՍՀՄ ԳՇ քարտեզներն են օգտագործվում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ 2024-ի մայիսի 22-ին խորհրդարանում պատգամավորներին ցուցադրել էր Տավուշի հատվածի 1։100,000 մասշտաբով ԽՍՀՄ ԳՇ 1976-ի տեղագրական քարտեզը՝ հայտարարելով, որ դրանք են կիրառվում սահմանազատման համար։ «… Ահա այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։ Ընդ որում, դե յուրե հիմնավորված թղթերով, սա շատ կարևոր է»,- ընդգծել էր վարչապետը։

Մեր հաշվարկը ցույց է տալիս այն տարածքների մակերեսը, որտեղ երկու կողմերի զինված ուժերը տեղակայել են իրենց մարտական դիրքերը` անցնելով խորհրդային քարտեզների վրա նշված իրավական սահմանից: Ընդ որում, հաշվարկում ներառված չեն կողմերի միջդիրքային չեզոք գոտիները, որոնք թեև բարձադիր տեղակայված հենակետերի դիտարկման ներքո են, սակայն ոչ մի կողմի ֆիզիկական վերահսկողության տակ չեն։ Չեն ընդգրկվել նաև այն դեպքերը, երբ որևէ կողմ միայն մեկ դիրքով է տեղակայված մյուսի տարածքում։

Բացի այդ, հաշվարկի մեջ ներառված չեն անկլավների տարածքները՝ հայկական Արծվաշենը (մոտ 38 քառ. կմ), որը Ադրբեջանի վերահսկողության տակ  է, և  հայկական տարածքով շրջապատված ադրբեջանական Յուխարի Ասկիպարան (մոտ 26 քառ. կմ), Բարխուդարլի-Սոֆուլուն (մոտ 10 քառ. կմ) և Քյարքի/Տիգրանաշենը (մոտ 8 քառ. կմ)։

Կարճ՝ ինչ ենք պարզել

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահմանագծի ընդհանուր երկարությունը, ներառյալ՝ Նախիջևանի հետ հատվածը, մեր հաշվարկով կազմում է մոտ 925 կմ, որի երկայնքով քարտեզագրվել է շուրջ 750 ադրբեջանական և մոտավորապես նույնքան հայկական առաջնային մարտական դիրք։

Մեր ուսումնասիրության համաձայն՝ սահմանագծի որոշ հատվածներում հայկական ուժերի վերահսկողության ներքո է Ադրբեջանի դե յուրե տարածքի ընդհանուր շուրջ 21 քառ. կմ, որը չի չներառում անկլավների որևէ տարածք։ Սա մոտ հինգ անգամ պակաս է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարած «ենթադրաբար 110 քառ. կմից»։

Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի դե յուրե տարածքի առնվազն 230 քառ. կմ. նրանք սահմանագծի շուրջ 20 հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ընդ որում, առավել մեծ տարածքները ադրբեջանական կողմը գրավել է 2021-2022 թվականներին Հայաստանի դեմ լայնածավալ հարձակումների ժամանակ։

Ստորև ներկայացված ինտերակտիվ քարտեզում կարող եք տեսնել Հայաստանի (կապույտով) և Ադրբեջանի (կարմիրով) կողմից վերահսկող տարածքները։ Ձախ հատվածում տեղակայված պատուհանից կարող եք միացնել նաև մարտական դիրքերի ցուցադրումը։ Քարտեզում սպիտակով նշված է ԽՍՀՄ ԳՇ քարտեզից վերարտադրված դե յուրե սահմանը, որը որոշ հատվածներում չի համապատասխանում Google Maps-ում առկա սահմանին։

Ոսումնասիրելով ամբողջ սահմանագիծը՝ մեզ հաջողվել է գտնել միայն ինը հատված, որտեղ հայկական զինված հենակետերը հստակ Ադրբեջանի տարածքում են, որից միայն չորսում է վերահսկվող ադրբեջանական տարածքը գերազանցում մեկ քառ. կմ-ն։ Այս տարածքների զգալի մասը հայկական ուժերի վերահսկողության տակ է դեռ Արցախյան առաջին պատերազմից (1991-1994 թթ.)։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Չիվա-Արենի հատվածը. կապույտով՝ Հայաստանի կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքները։

Նախիջևանի հետ սահմանին՝ Վայոց ձորի մարզի Չիվա-Արենի գյուղերի մոտ, շուրջ 8 կմ-ոց հատվածում հայկական դիրքերը դեռ 1990-ականներից 1-1,5 կմ խորացել են ադրբեջանական կողմ՝ զբաղեցնելով մոտ 8,3 քառ. կմ տարածք։ Այս հատվածով է անցնում Երևան-Մեղրի «Մ-2» միջպետական նշանակության ճանապարհը։

Բացի այդ, այս սահմանագոտում հայկական ուժերն աննշան տարածքներ են վերահսկում նաև Երասխ և Զանգակատուն գյուղերի հատվածներում, համապատասխանաբար՝ մոտ 0,3 և 0,6 քառ. կմ։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի և Զանգակատան հարակից հատվածները

Նախիջևանի հետ սահմանին հայկական ուժերի կողմից վերահսկվող դե յուրե ադրբեջանական մեկ այլ տարածք Սյունիքի մարզի Կուրիս-Կարճևան գյուղերից արևմուտք ընկած հատվածում է։ Այստեղ Խաշինք (2689 մ) և Խարխատ (2378 մ) լեռների վրա տեղակայված մի քանի հայկական դիրք մոտ 1-1,5 կմ առաջ է դեպի ադրբեջանական կողմ։ Դրանք վերահսկում են մոտ 4 քառ. կմ տարածք։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Կուրիս-Կարճևան հատվածը։

Հարկ է նշել, որ սահմանագոտու այս հատվածում դեպի հյուսիս և հարավ ընկած մնացած բոլոր լեռնագագաթներին տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի գերիշխող բարձրադիր դիրքերը։

Բացի այս, հայկական ուժերը որոշ տարածքներ վերահսկում են նաև Տավուշի մարզում։ Այստեղ, համաձայն ԽՍՀՄ ԳՇ քարտեզների՝ դե յուրե Ադրբեջանին են պատկանում, սակայն հայկական ուժերի վերահսկողության տակ են Բերդավան գյուղից արևելք ընկած մոտ 1,9 քառ. կմ, Ոսկեպար գյուղին հարակից 4,3 քառ. կմ և Սարգյուղից հյուսիս-արևելք ընկած մոտ 0,7 քառ. կմ տարածքներ։

Քարտեզում՝ Տավուշի մարզի Բերդավան-Պառավաքար հատվածը. կարմիրով նշված են Ադրբեջանի, կապույտով՝ Հայաստանի կողմից փաստացի վերահսկվող տարածքները։

2024-ի ապրիլին Տավուշի մարզի մոտ 12,7 կմ հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացված սահմանազատման առաջին փուլի շրջանակում Հայաստանը Ադրբեջանին հանձնեց մոտ 6,5 քառ. կմ տարածք (չորս նախկին ադրբեջանական գյուղերով), որը մինչ այդ հայկական վերահսկողության ներքո էին։

Ադրբեջանի վերահսկողության տակ՝ մոտ 230 քառ. կմ  դե յուրե ՀՀ ինքնիշխան տարածք

Մեր վերլուծության համաձայն՝ 2025-ի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 230 քառ. կմ-ն։ Այս տարածքների մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիաների հետևանքով։ Սակայն որոշ տարածքներ, մեծամասամբ Տավուշում, Ադրբեջանի վերահսկողության տակ են դեռ 1990-ականներից։

Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են դե յուրե Հայաստանին պատկանող ավելի քան 22 քառ. կմ տարածք։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական առավել խոշոր տարածքները Բերքաբեր, Վազաշեն և Պառավաքար գյուղերին հարակից հատվածներում։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկած տարածքները Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար և Այգեպար գյուղերի հարակից հատվածներում։

Այսպես, Բերքաբերի հյուսիսային հատվածում Ջողազի ջրամբարը վերահսկելու նպատակով ադրբեջանցիները դեռ 1990-ականներից զբաղեցրել են 6,3 քառ. կմ մակերեսով հայկական «եռանկյունաձև» տարածք։ Այստեղ տեղակայված են չորս առաջնային ադրբեջանական հենակետեր, որոնք շուրջ 3 կմ խորացել են հայկական կողմ։ 

Ուշագրավ է, որ այս հատվածում՝ Ոսկեպար գյուղին հարակից, համանման մեկ այլ «եռանկյունաձև» տարածք կա՝ 4,3 քառ. կմ մակերեսով, որը դե յուրե ադրբեջանական է, սակայն հայկական ԶՈՒ վերահսկողության տակ է։ Այս երկու տարածքներն անհայտ պատճառներով չընդգրկվեցին 2024-ի ապրիլին այս հատվածում իրականացված սահմանազատման գործընթացում։

Քարտեզում՝ հայ-ադրբեջանական սահմանի Ոսկեպար-Բերքաբեր հատվածը. մանուշակագույնով ընդգծված են սահմանազատված հատվածները։

Նույն կերպ, 1990-ականներից ի վեր ադրբեջանական ուժերը զբաղեցնում են տարածքներ Վազաշենի և Պառավաքարի ուղղություններում։ Վազաշենի մոտ Ադրբեջանը վերահսկում է 4,5 քառ. կմ հայկական տարածք՝ 1-1,5 կմ խորությամբ և չորս դիրքով, իսկ Պառավաքարի շրջանում՝ 7,9 քառ. կմ՝ 3-4 կմ խորությամբ և 8 դիրքով։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկած տարածքները Բերքաբերի, Վազաշենի, Պառավաքարի հարակից հատվածներում։ 

Տավուշի մարզում ադրբեջանական վերահսկողության տակ է նաև Բարեկամավան գյուղից հյուսիս ընկած հատվածում մոտ 0,6 քառ. կմ տարածք, ինչպես նաև Այգեպարի մոտակայքում մոտ 0,5 քառ. կմ հայկական տարածք։ Սահմանի այս հատվածներում առկա են ադրբեջանական երկու-երեք հենակատեր, որոնք մոտ 500 մետր առաջ են դեպի Հայաստանի տարածք։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկողության տարածքները Բարեկամավան և Այգեպար գյուղերի հարակից հատվածներում։

Տավուշում ադրբեջանական ուժերը հայկական տարածքներ են գրավել նաև Այգեձոր գյուղից հարավ-արևելք ընկած մի քանի բարձրադիր հատվածներում՝ տասի հասնող ադրբեջանական հենակետերով։ Ադրբեջանի կողմից վերահսկվող հայկական տարածքների ընդհանուր մակերեսը այստեղ կազմում է մոտ 2,5 քառ. կմ։

Քարտեզում՝ Տավուշի մարզում Ադրբեջանի վերահսկած տարածքները Այգեձոր գյուղից հարակից հատվածում

2020-ի 44-օրյա պատերազմի և Լեռնային Ղարաբաղի տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ադրբեջանական ուժերը դիրքավորվեցին հայ-ադրբեջանական նոր ձևավորված սահմանագծի երկայնքով։ Միաժամանակ ադրբեջանական զինված ուժերը 2021-2022 թվականներին մի քանի լայնածավալ հարձակումներ իրականացրին՝ ՀՀ սահմաններից ներս ներթափանցելով և զբաղեցնելով մի շարք տարածքներ։

Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ներխուժումները տեղի են ունեցել երկու հիմնական փուլով՝ 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին: Կախակն, Կուտական, Կութ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի հարակից տարածքների զգալի հատվածներ, ներառյալ ռազմավարական բարձունքները, անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քարտեզում՝ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ներխուժումը. կարմիրով նշված են ադրբեջանական, կապույտով՝ հայկական մարտական դիրքերը

Սևանա լճից հյուսիս-արևելք Կախակն-Կութական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանը ներխուժել է 2021-ի մայիսին և ներկայում վերահսկում է մոտ 7,9 քառ. կմ սահմանամերձ տարածք՝ տեղակայելով մինչև 2 կմ խորությամբ գրեթե երկու տասնյակ մարտական հենակետեր Հայաստանի տարածքում։ 

Նույն շրջանում ադրբեջանական ուժերը ներխուժել են նաև Կութ գյուղի հարակից տարածք՝ այս հատվածում փաստացի օկուպացնելով մոտ 9,5 քառ. կմ տարածք և 1,5-2 կմ խորությամբ տեղակայելով շուրջ 5 առաջնային մարտական դիրքեր։

Քարտեզում՝ Ադրբեջանի ներխուժումը Կութ-Վերին Շորժա հատվածում

Ամենամեծ կորուստը գրանցվել է Վերին Շորժայի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական ուժերը վերահսկում են ավելի քան 49,5 քառ. կմ հայկական տարածք։ Այստեղ ներխուժումը տեղի է ունեցել երկու փուլով՝ 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին, իսկ առաջխաղացման խորությունը տատանվում է մի քանի հարյուր մետրից մինչև 5 կմ։ Այս հատվածում հայկական տարածքի ներսում տեղակայված է ադրբեջանական մոտ 30 հենակետ։ 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի հարձակվեց 2022-ի սեպտեմբերին և գրավեց ավելի քան 75 քառ. կմ տարածք՝ Հայաստանի տարածքի մեջ խորանալով մինչև 7,5 կմ և գրավելով քաղաքին մերձ բարձունքների շղթան։ Այստեղ տեղակայված են ադրբեջանական մի քանի տասնյակ դիրքեր և ամրակայված հենակետեր։

Քարտեզում՝ Ջերմուկի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի ներխուժումը. կարմիրով նշված են ադրբեջանական, կապույտով՝ հայկական մարտական դիրքերը

Սյունիքի մարզում ևս ադրբեջանական ներխուժումները տեղի են ունեցել 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին։ Այս ագրեսիաների հետևանքով Ադրբեջանը զբաղեցրել է ռազմավարական նշանակության բարձունքներ և տարածքներ՝ Ծղուկ-Սպանդարյան գյուղերի հյուսիսային շրջանի, Իշխանասար լեռան, Սև լճի, Ներքին Հանդի, Շիկահողի և մի շարք այլ հատվածներում։

Քարտեզում՝ Սյունիքի մարզի հյուսիսային հատվածում Ադրբեջանի ներխուժումը

Ծղուկ-Սպանդարյան գյուղերից հյուսիս ադրբեջանական վերահսկողության տակ է մոտ 17 քառ. կմ տարածք։ Ներխուժումը տեղի է ունեցել 2022-ի սեպտեմբերին Իշխանասարի ուղղությամբ լայնածավալ հարձակման շրջանակում։ Այստեղ առաջխաղացման խորությունը կազմում է մոտ 2 կմ, տեղակայված է առնվազն վեց ադրբեջանական հենակետ։

Իշխանասար լեռան շրջանում իրավիճակը բարդացել է ներխուժումների մի քանի ալիքների հետևանքով։ Այստեղ որոշ բարձունքներ ադրբեջանական ուժերը զբաղեցրել են 2021-ի մայիսին, իսկ 2022-ի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ գրավվել են նաև հայկական դիրքեր և օկուպացրել հայկական տարածքներ։ 

Իշխանասարից հյուսիս ընկած առանձին հատվածում ադրբեջանական տասնյակ հենակետերի կողմից վերահսկվում է մոտ 7,2 քառ. կմ հայկական տարածք, իսկ առաջխաղացման խորությունը հասնում է մինչև 4 կմ։ Բուն Իշխանասար լեռան վրա Ադրբեջանը առաջխաղացում է ունեցել 3 կմ խորությամբ` վերահսկելով մոտ 3,5 քառ. կմ տարածք։

Քարտեզում՝ Ադրբեջանի ներխուժումը Իշխանասարի և Սև լճի տարածք

Սև լճի շրջանում ներխուժումը տեղի է ունեցել 2021-ի մայիսին և այդ ժամանակվանից Ադրբեջանի կողմից վերահսկվող հայկական տարածքը կազմում է 13,9 քառ. կմ։ 2025-ի հունիսին արբանյակային թարմացված լուսանկարները ցույց են տալիս, որ առաջխաղացման խորությունը հասնում է 3 կմ-ի, տեղակայված է առնվազն 13 ադրբեջանական մարտական դիրք։

Բացի այս, Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական ուժերը տեղակայվել են մոտ 300-500 մետր սահմանի խախտմամբ՝ փաստացի գրավելով մոտ 0,7 քառ. կմ տարածք Սյունիքի մարզից։

Քարտեզում՝ Ադրբեջանի վերահսկած տարածքները Տեղ և Կոռնիձոր գյուղերի հարակից հատվածում

Կապանից հարավ ընկած Ներքին Հանդ-Շիկահողի արգելոցի հատվածում Ադրբեջանը վերահսկում է 21,2 քառ. կմ տարածք։ Առաջխաղացումը տեղի է ունեցել առնվազն 2022-ի փետրվարից։ Տեղակայված են շուրջ երկու տասնյակ ադրբեջանական հենակետեր։ Այստեղ առաջխաղացման միջին խորությունը կազմում է մոտ 3 կմ, այդ թվում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ծառահատումներ են իրականացրել։ 

Քարտեզում՝ Ադրբեջանի ներխուժումը Ներքին Հանդ -Շիկահողի արգելոցի ուղղությամբ

Սյունիքի մարզի արդեն Նախիջևանի հետ սահմանին՝ Սիսիանի Արևիս և Սալվարդ գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի զինված ուժերը առաջ են ՀՀ տարածքում 1,5 կմ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4,4 քառ. կմ և 3,5 քառ. կմ տարածքներ։

Քարտեզում՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքները Արևիս և Սալվարդ գյուղերի հարակից հատվածում։

Արարատի մարզի և Նախիջևանի սահմանին՝ Մ-5 միջպետական նշանակության ճանապարհի երկայնքով, Պարույր Սևակ և Տիգրանաշեն (Քյարքի) գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանը դեռ 1990-ականներից վերահսկում է մոտ 5 քառ. կմ տարածք, որտեղ տեղակայված է մարտական չորս դիրք՝ դե ուրե սահմանից մոտ 1 կմ ներս, որոնք զբաղեցնում են տարածքի բարձունքները։

Քարտեզում կարմիրով՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքը, կապույտով՝ Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը։

Սիմոնյանը հայտարարած թվերը «պայմանական բնույթ են կրել»

Ալեն Սիմոնյանից պարզաբանում էինք խնդրել, թե ինչ տվյալների հիման վրա է արվել հայտարարությունը՝ ադրբեջանական 110 քառ. կմ տարածքների հայկական վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ։ 

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից ստացված պատասխանում ասվում է. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից հիշատակված ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահի արած թվային մեջբերումները պայմանական բնույթ են կրում։ Ինչպես ԱԺ նախագահն է շեշտում իր խոսքում, դրանք ընդամենը ենթադրություններ են՝ արված պայմանական թվերով»։

Այսպիսով, բաց տվյալների և արբանյակային նկարների կիրառմամբ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025-ի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի առնվազն 230 քառ. կմ ինքնիշխան տարածք, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ՝ Ադրբեջանի շուրջ 21 քառ. կմ տարածք։

The post Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ

«Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Մինչ այս դադարեցվել էր նաև Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ The post «Զավիկի ղարս»-ի ևս մեկ օբյեկտի գործունեություն է դադարեցվել appeared first on CIVILNET.

CivilNet

Ջրային կոմիտեի նախագահը Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում էր․ ուսումնասիրվել է ոռոգման համակարգերի և ջրամբարների վիճակը

Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Ախուրյան և Արաքս գետերի, ինչպես նաև մի շարք ներկա եւ ապագա ջրամբարների ու ջրանցքների տեխնիկական վիճակին, շահագործման գործընթացներին ու առկա խնդիրներին։

Hetq

Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ

Հնդկաստանի տվյալների կենտրոնների հզորությունը մինչև 2030-ը կարող է աճել իննապատիկ՝ հասնելով 9 գիգավատի (GW)՝ Google-ի, AWS-ի, Reliance-ի և այլ ընկերությունների ընդհանուր 50 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ, ինչը պայմանավորված է արհեստական բանականության (AI) և տվյալների տեղայնացման բումով։ Ըստ The Economic Times-ի՝ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներն ու հնդկական խոշոր կոնգլոմերատները պատրաստվում են առաջիկա հինգից յոթ տարվա ընթացքում ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումներ կատարել՝ զարգացնելու Հնդկաստանի տվյալների կենտրոնների արդյունաբերությունը։ Արդյունքում՝ երկրի ընդհանուր տվյալների մշակման հզորությունը կարող է աճել ներկայիս 1 գիգավատից մինչև մոտ 9 գիգավատ մինչև 2030-ը՝ դառնալով աշխարհում այս ոլորտի ամենաարագ աճողներից մեկը։ Ներդրումների ծավալը Անշարժ գույքի ներդրումային JLL ընկերության գնահատմամբ՝ առաջիկա […] The post Հնդկաստանի տվյալների կենտրոնները պատրաստվում են ավելի քան $50 մլրդ ներգրավել հզորությունների զարգացման մեջ appeared first on CIVILNET.

CivilNet

Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք […] The post Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում appeared first on CIVILNET.

CivilNet

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում 

Հոդվածը հրապարակվել է OC Media-ի հետ համագործակցության շրջանակում ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցության նվիրատու, Վրաստանում բիզնես շահեր ունեցող Frontera Industries նավթային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Նիկանդրոսը ԱՄՆ Կոնգրեսում լոբբինգ է արել MEGOBARI ACT օրենքի ընդունման դեմ, հաղորդում է Reuters-ը։  MEGOBARI ACT-ի հայտարարված նպատակներն են ամրապնդել ժողովրդավարական գործելակերպը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը Վրաստանում և հակազդել ավտորիտար ազդեցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանից, ինչպես նաև Չինաստանից և Իրանից։ Օրենքը ներառում է տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ պատժամիջոցներ վրացի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար խոչընդոտում են Եվրամիությանը երկրի ինտեգրմանը։ Գործակալության տրամադրության տակ հայտնված մի նամակում Նիկանդրոսը զգուշացրել է, որ օրինագիծը կարող է Վրաստանին ավելի մոտեցնել Ռուսաստանին, այդպիսով […] The post ԱՄՆ Հանրապետական կուսակցության նվիրատուն, որը բիզնես շահեր ունի Վրաստանում, MEGOBARI ACT-ի դեմ լոբբինգ է անում  appeared first on CIVILNET.

CivilNet