ՀՀ պետբյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար

CivilNet

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 1 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 50 պատվիրակություններ Եվրոպայից։ Այն նախատեսվում է իրականացնել մայիսի սկզբին։

«Սա ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրի ղեկավարները հավաքվում են, քննարկում են ընթացիկ հարցեր։ Եվ մենք նախատեսում մենք այս միջոցառումն իրականացնել մայիսի սկզբին։ Բյուջեով նախատեսված է 1 մլրդ դրամ։ Հիմա մրցույթ է հայտարարված, նաև պահուստային ֆոնդում նախատեսված գումարներ կան, ըստ մրցույթի արդեն կնախատեսենք ավել գումարներ, եթե դրա անհրաժեշտությունը լինի», – ասել է Արայիկ Հարությունյանը։

Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական հարթակ է, որը միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերում։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ին՝ նպատակ ունենալով ձևավորել երկխոսության ընդհանուր դաշտ ԵՄ անդամների և Եվրոպական հարևանության երկրների միջև։

ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։

Այս գագաթնաժողովի շրջանակում էր, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությամբ ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի Հռչակագրին:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Հետագա գագաթնաժողովները կայացել են Իսպանիայի Գրանադա քաղաքում (2023), Մեծ Բրիտանիայի Վուդստոք քաղաքում (2024), Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում (2024) և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ 2025-ի մայիսին, Կոպենհագենում՝ 2025-ի հոկտեմբերին։ Մինչ այժմ տեղի է ունեցել յոթ գագաթնաժողով, և Հայաստանը կհյուրընկալի ութերորդը։

Հայաստանը մասնակցել է բոլոր նախորդ գագաթնաժողովներին։

The post ՀՀ պետբյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար appeared first on CIVILNET.

Կարդալ սկզբնաղբյուրում

Թեմատիկ